Լոռիի մարզի Տաշիր քաղաքի 35/5 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել առ այն, որ լցոնում է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Մեդիա կենտրոնը»:
Կենտրոնի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ընտրատեսամասի հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Պալուցյան Մարիամը ահազանգել է, որ լցոնման երկու փորձ է իրականացվել, որից մեկը հաջողվել է եւ մոտ երեք ընտրաթերթիկ գցվել է քվեատուփի մեջ, իսկ երկրորդ փորձը կանխվել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից:
«Այս խախտումն արձանագրվեց, սակայն ոչ ճշգրիտ, գրանցամատյանում գրվել է, որ փորձ է միայն կատարվել, սակայն արդեն իսկ իրականացված փաստը չի արձանագրվել, յոթ հոգով համոզում են հանձնաժողովի անդամ Մարիամ Պալուցյանին ու ճնշում են գործադրում, որ փաստը չարձանագրվի»,- «Մեդիա Կենտրոնին» հայտնում է նույն ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Գեւորգ Քոթանջյանը:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 28/23 ընտրական տեղամասում հանձնաժողովը իր գործունեությունը սկսել է օրենքով նախատեսված ժամից` 07:00-ից ուշ: Ըստ այդ տեղամասում դիտորդական առաքելություն իրականցնող «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հ/կ նախագահ Լուսինե Սիմոնյանի, տեխնիկական պատճառով տեղամասի դուռը դժվարությամբ են բացել: Հանձնաժողովը քվեարկության նախապատրաստական աշխատանքները սկսել է մոտ 20 րոպե ուշացումով: Քվեարկությունը սակայն սկսվել է ժամանակին:
Սիմոնյանը հայտնում է, որ նույն տեղամասում հանձնաժողովն իրականացրել է 1 վիճակահանություն, այնինչ պետք է իրականացներ 6-ը, որպեսզի պարզեր հանձնաժողովի անդամների տեղն ու ֆունկցիաները օրվա տարբեր ժամերին:
6 –ի փոխարեն 1 վիճակահանություն է իրականացվել նաեւ 28/22 տեղամասում:
Արդյոք կանցկացվի կրկնակի վիճակահանություն` պարզ կլինի օրվա ընթացքում»:




























