Հայաստանում «Ընտրություններ 2013» նախաձեռնության շրջանակում ընտրողներին իրավական աջակցություն տրամադրելու «թեժ գիծ» է գործարկվել` 080-080-804 հեռախոսահամարով:

«Թեժ գծի» ստեղծման նախաձեռնողներն են «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակեպությունը եւ  Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը (ABA/ROLLI):

Նախաձեռնության նպատակն է պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը` իրավական աջակցությունն տրամադրելու միջոցով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «փետրվարի 18-ին` ընտրությունների օրը, «թեժ գծի» ստացած հեռախոսազանգերի հիման վրա,  «իրավական շտապօգնության» 30 մեքենաներ, որոնց կազմում են լրագրող, դիտորդ եւ իրավաբան, կուղեւորվեն դեպքի վայր`անհրաժեշտ իրավական խորհրդատվության տրամադրման, ինչպես նաեւ հնարավոր խախտումների լուսաբանման համար»:

«Ընտրություններ 2013»-ը չեզոք նախաձեռնություն է, որը հավասար աջակցում է ընտրական գործընթացին մասնակից ցանկացած անձի, որի իրավունքները խախտվել են:

Հայաստանում այսօր` փետրվարի 18-ին, նախագահական ընտրություններ են ընթանում: Ժամը ուղիղ 08:00-ին 41 ընտրատարածքներում բացվել են 1988 ընտրատեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: