Հայաստանի նախագահի ընտրությունների քվեարկության օր՝ փետրվարի 18-ին, լրագրողների համար «Թեժ գիծ» կգործի, որի նախաձեռնողը «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» (ԽԱՊԿ) է։

« 2013 թ. փետրվարի 18-ին՝ ՀՀ նախագահի ընտրությունների լուսաբանման ընթացքում, եթե խախտվեն ձեր իրավունքները, զանգահարեք ԽԱՊԿ «Թեժ գծի» հեռախոսահամարներով' (010) 53-38-95, (093) 10-70-85, կամ գրեք էլեկտրոնային փոստի՝ [email protected] հասցեով: Մեր արագ արձագանքման խումբը կուսումնասիրի ստացված ահազանգերը եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ»,- ասվում է ԽԱՊԿ հայտարարության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում եւս առավոտյան ժամը 8-ից գործում է թեժ գիծ, իսկ արագ արձագանքման խմբերը դեռ որեւէ տեղամաս չեն գնացել:

Ընտրական խախտումներին, նաեւ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերին հետեւում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ընտրական բոլոր խախտումների մասին տեղեկատվությունը հավաքվում է Դատախազության կայքում, հատուկ բաժնում։

Ոստիկանության կայքում հնարավոր է ներբեռնել ՀՀ ընտրողների ցուցակները եւ Ընտրատեղամասին կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի(ԿԸՀ) նիստերին կարելի է հետեւել օնլայն։ ԿԸՀ կայքում հեռարձակվելու են բոլոր նիստերը։