Հայաստանում կրկին դեղին պետհամարանիշներով միկրոավտոբուսներով մարդկանց ընտրատեղամասեր «հասցնելու» դեպքեր են գրանցվել:
NEWS.am-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտից» հայտնել են, որ ժամը 09:45-ից 10:45 0858 S դեղին համարանիշներով միկրոավտոբուսը մարդկանց խմբեր է տեղափոխել Նորագյուղ` 9/27 եւ 9/28 ընտրատեղամասեր: Բացի այդ, կազմակերպությունը Ընտրական օրենսգրքի մի քանի այլ խախտումներ էլ է արձանագրել:
Մասնավորապես, 9/15 ընտրատեղամասում կազմակերպության դիտորդը նկատել է, որ ընտրական հանձնաժողովի ղեկավարը Հայաստանի Հանրապետական կուսակցության կրծքանշան է կրում:
Երեւանի 9/4 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը լքել էր իր աշխատավայրը` դա բացատրելով քվեարկելու մտադրությամբ, եւ խոստացել էր վերադառնալ 10 րոպե անց: Մինչդեռ, ըստ Հայաստանի Ընտրական օրենսգրքի, ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքն ապահովում է հանձնաժողովի նախագահը, եւ չի նշվում, թե ով պետք է կազմակերպի աշխատանքները նրա բացակայության ժամանակ:
Ապարանի 14/21 ընտրատեղամասում կազմակերպության դիտորդը գրանցել է մարդկանց կուտակումներ: Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, որը մի քանիսին դուրս է հրավիրել ընտրատեղամասից: Ըստ Ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածի 33 կետի` ընտրատեղամասերում չպետք է 15 հոգուց ավելի մարդ գտնվի:
Թիվ 1/6 ընտրատեղամասում Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ տուփը հանձնաժողովի բոլոր անդամները ստուգել են եւ կնքել, եւ հնարավոր է, որ մյուս տեղամասերում էլ նման տուփեր լինեն։
Նույն տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովն իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտական գործընթացին եւ որեւէ տեղեկություն չեն տրամադրում։
Հայաստանում այսօր` փետրվարի 18-ին, նախագահական ընտրություններ են ընթանում: Ժամը ուղիղ 08:00-ին 41 ընտրատարածքներում բացվել են 1988 ընտրատեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:




























