Համաշխարհային լրատվամիջոցները չեն կասկածում, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կհաղթահարի 50%+1 արգելքը եւ հաղթանակ կտանի առաջին փուլում: Իրենց գլխագրերում խոշորագույն գործակալությունները կանխատեսել են Սերժ Սարգսյանի հեշտ հաղթանակը:
«Ընտրություններին մեղադրում են, որ ընտրողներին չի ներկայացվել իրական այլընտրանք, մինչդեռ, դիտորդների խոսքով, Սարգսյանի` իրական վստահություն վայելող ընդդիմախոսները չեն ամսնակցել քարոզարշավին»,- գրում է BBC-ն:
Միեւնույն ժամանակ, գործակալությունները հիշեցնում են, որ ընտրությունները դիտարկվում են որպես փորձություն «հետխորհրդային երկրի ժողովրդավարության համար»: Նաեւ նշվում է դրամատիկ քարոզարշավի մասին, որի ընթացքումե ղավ ամեն ինչ` մահափորձ, հացադուլ, էլ չասած ինքնաբացարկների մասին:
«Ընտրությունների անցկացումը մինչ վերջին պահը կասկածի տակ էր թեկնածուներից մեկի դեմ հանելուկային մահափորձի պատճառով, սակայն քարոզարշավը շարունակվեց, երբ նա հրաժարվեց ընտրությունները հետաձգելու մտքից»«- գրում է AFP-ն:
Аssociated Press-ը հիշեցնում է, որ նախորդ ընտրությունները ուղեկցվել են ընդդիմության բողոքի ակցիաներով, որոնք վերաճել էին ոստիկանության եւ ցուցարարների բախումների` 10 զոհով եւ 250 վիրավորներով: Գործակալությունը նկատում է, թե Սերժ Սարգսյանին հաջողվեց նվազեցնել լարվածությունը, իսկ հաջորդ տարի խորհրդարանը համաներում կիրառեց անկարգությունների ժամանակ ձերբակալվածների համար:
Reuters-ը եւս գրում է գործող նախագահի կանխատեսելի հաղթանակի մասին` ընդգծելով, որ դեռ հունվարին դիտորդներն արձանագրել են ընտրողների շրջանում առկա ապատիայի մասին:
Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրողները կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել 1988 ընտրական տեղամասերում` ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն:
Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:




























