Այսօր՝ փետրվարի 18-ին, առավոտյան 09:05-ին, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի Շաքարի գործարանի բակից շարժվել է աշխատակիցներով լիքը 4 միկրոավտոբուս եւ մեկ մեծ մարդատար ավտոբուս, որով նրանց տարել են ընտրության: Այս մասին հաղորդում է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը:
ԳԱԼԱ-ի տեսախցիկը ֆիքսել է նաեւ այդ ավտոբուսների համարները: «Ուղեւորներով լիքը ավտոբուսները մեզ կանգնեցնել չի հաջողվել:
Գործարանի ինժեները հաղորդեց, որ մարդկանց տանում են ընտրության Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակ: Սակայն, այնուամենայնիվ, մենք ֆիքսեցինք, որ ավտոբուսները դուրս են եկել Գյումրի-Երեւան մայրուղի: Հորդորում ենք մեր գործընկեր լրագրողներին դիմավորել Սամվել Ալեքսանյանի գործարանում աշխատող Երեւանում ընտրող գյումրեցի աշխատակիցներին:
Հորդորում ենք նաեւ հայրենի իրավապահներին ընդունել ի գիտություն այս հաղորդումը եւ գնալ հետքերով՝ ու՞ր են գնում գյումրեցի ընտրողները:
Հավելենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, գործարանի աշխատակիցներին տալու են քվեաթերթիկ, որի վրա նշված է լինելու Սերժ Սարգսյանի անունը: Քվեաթերթիկը ընտրողը պետք է գցի քվեատուփը, իր հետ տեղամասից դուրս բերելով իրեն հանձնված մաքուր քվեաթերթիկը: Ի գիտություն հարգելի իրավապահների,քիչ անց կտեղադրենք նաեւ կադրեր, որտեղ պարզորոշ երեւում են մեքենաների պետհամարանիշերը»,-ասված է ԳԱԼԱ-ի հաղորդագրության մեջ:
































