Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Հայաստանի նախագահի ընտրությունների քվեարկությանը մասնակցել է Երեւանի թիվ 9/20 ընտրատեղամասում:

Նրա խոսքով` մասնակցությունն ընտրություններին երկրի յուրաքանչյուր քաղաքացու քաղաքացիական պարտքն է: Նա նաեւ նշել է, որ մարդը պետք է հասկանա, որ ինքը իշխանության կրող եւ աղբյուր է, հետեւաբար, պետք է ճիշտ պատվիրակի իր իրավունքը, որպեսզի իր ցանկություններն իրականանալի լինեն:

«Քվեարկությունն ընտրություններին ոչ միայն իրավունք է, այլեւ պատասխանատվություն ապագա սերունդների առջեւ»,-ասել է Գագիկ Հարությունյանը, նշելով, որ քվեարկության գործընթացն ընթանում է տոնական միջավայրում, ինչը նորմալ եւ օրինաչափ է: