Նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի շտաբը բաց քվեարկության դեպք է արձանագրել: Կենտրոնական շտաբից հայտնում են, թե քիչ առաջ ահազանգ են ստացել, որ Աջափնյակ թաղամասի 07/27 տեղամասում թաղապետի նախկին տեղակալ Արմեն Բաղդասարյանը և 07/28 տեղամասում ոմն Կարապետ բաց քվեարկություն են անցկացնում:
Iditord.org կայքն էլ հայտնում է, թե Գավառից ստացված ահազանգի համաձայն, երեկ Գավառի քաղաքապետարանը ընտրակաշառք է բաժանել՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ձայն տալու համար: Ընտրակաշառքի չափը եղել է 5 հազարական դրամ:
«Մեդիա կենտրոնի» փոխանցմամբ, Գյումրիի 35/39 տեղամասի հանձնաժողովի նախագահը արգելում է դիտորդներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին դիտել եւ հսկել քվեարթերթիկ հատկացնելու գործընթացը մոտիկից, տեսնել մատյանում գրանցման պրոցեսը, եւ արդյո՞ք` ընտրողն իր անվան դիմաց է ստորագրում քվեաթերթիկ ստանալիս: Հանձնաժողովի նախագահը պարտադրում է դիտորդներին եւ վստահված անձանց նստել հատկացված տեղերում եւ չտեղաշարժվել տեղամասում: «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթը եւ www.asparez.am հայտարարում է, որ այսպիսով խոչընդոտվել է իր` ԶԼՄ ներկայացուցչի աշխատանքը այդ տեղամասում:
10:09-ի դրությամբ, Գյումրու 41-րդ դպրոցում տեղավորված 34/06 տեղամասում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը նկատել է, որ դիտորդական առաքելություններից մեկի երկու ներկայացոիչ, ընտրողների մատյանները վարողների գլխավերեւներին կանգնած քվեաթերթիկ ստացող ընտրողների ցուցակային համարները sms-ով ուղարկում են ինչ որ համարով:
10:18-ի դրությամբ Գյումրու 41-րդ դպրոցում տեղավորված 34/06 տեղամասում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը նկատել է, որ ընտրողներից մեկին փորձել են գրանցել եւ քվեաթերթիկ տալ բոլորովին ոչ իր անուն-ազգանվան դիմաց: Ահազանգել է հանձնաժողովի նախագահին, առաջարկելով արձանագրել միջադեպը, այնինչ հանձնաժողովի նախագահը, սկսել է բողոքել, թե «…դու չէ, որ ինձ պիտի ասես, թե ինչ անեմ», եւ չի արձանագրել միջադեպը:
10։05-ի դրությամբ Հրազդան, 25/26 տեղամասի հանձնաժողովի նախագահ Եղիազարյան Սամվելը լքել է ընտրատարածքը խանութ գնալու պատրվակով եւ 5 րոպե անց վերադարձել է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, եւ սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։
9:47-ին Երեւանի 5/24 տեղամասում դիտորդին հանձնաժողովի նախագահը ցանկացել է դուրս հանել ընտրատեղամասից՝ պատճառաբանելով, որ անձը հաստատող փաստաթուղթը տեսանելի չէ:
Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրողները կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել 1988 ընտրական տեղամասերում` ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն:
Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:




























