Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի 17/3 ընտրատեղամասից «Իրավունքի Եվրոպա միավորում» դիտորդական խմբի անդամներն ահազանգել են, որ հանձնաժողովի անդամներն ու Սերժ Սարգսյանի վստահված անձինք ճնշում են գործադրում դիտորդների վրա: Այդ մասին հայտնում է «Մեդիա կենտրոնը»: «Առավոտից արդեն գրանցվել է Սերժ Սարգսյանի չորս վստահված անձ, որոնք անընդհատ գնում-գալիս են, բավական ագրեսիվ են մեր՝ երկու դիտորդներիս նկատմամբ, վիրավորական արտահայտություններ են անում, խոչընդոտում են մեր աշխատանքն ու տեղաշարժը»,- Մեդիա Կենտրոնին հայտնում է 17/3 ընտրատեղամասում դիտորդություն իրականացնող Լենա Նազարյանը: Լենա Նազարյանը հավելում է, որ «անընդհատ լարված վիճակում են, քանի որ հանձնաժողովում պատճառ են փնտրում, որ արձանագրություն կազմեն եւ ընտրատեղամասից հանեն դուրս»: «Հույս ունեինք, թե միջազգային դիտորդների գալով գուցե իրավիճակը շտկվի, սակայն նրանք եկան, ուրախ-երջանիկ ողջունեցին բոլորին, մի քանի րոպե միայն մնացին ու գնացին, թե այդ րոպեներին ընթացքում ինչ հասկացան, չգիտենք»,-ասում է Լենա Նազարյանը:
Քաղաքացիական հասարակության ինտիտուտից ստացված տեղեկատվությամբ՝ Երեւանի 9/15 ընտրատեղամասում դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի նախագահը կրծքին կրում է ՀՀԿ զինանշանը: Քվեարկության օրը քարոզչություն իրականացնելը վարչական խախտում է եւ, եթե այն կատարվում է ընտրատեղամասում, պատժվում է տուգանքով 400-600 հազար դրամի չափով: Սակայն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը Մեդիա Կենտրոնին պարզաբանում է, որ սա չի կարող դիտարկվել, որպես քարոզչություն:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդները Երեւանի Աջափնյակ համայնքում ժամը 12:30-ի դրությանբ արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ:
6/16 տեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը եւ նրա ընկերները ազատ ելումուտ են արել տեղամաս: Նույն տեղամասում ոստիկանի սենյակը քվեարկության սենյակի միջով է անցնում, եւ ոստիկանը հաճախ է լինում քվեարկության սենյակում:
6/17-ում քվեարկության սենյակում արդեն մի քանի անգամ քվեարկողների թիվը գերազանցել է 15-ը:
6/34 տեղամասում հանձնաժողովի անդամներից մեկի բացակայության պատճառով նրան արդեն մի քանի ժամ փոխարինում է հանձնաժողովի քարտուղարը:
6/23 տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը վկայագիր չի կրում, առանց վկայագրի է նաեւ 6/35 տեղամասի ՀՀԿ-ի վստահված անձը:
6/23 տեղամասում մի անձ ներկայացել է որպես դիտորդ, իսկ երբ հարցրել են, թե որ կազմակերպությունն է ներկայացնում, նա առանց բացատրության լքել է տեղամասը: Նույն տեղամասում գրանցվել են նաեւ անծանոթ անձի կողմից քաղաքացիներին ուղղորդելու դեպքեր:
iDitord-ն էլ հայտնում է, թե Աբովյան քաղաքի Երիտասարդական 1 Նրբ. 1/40 բնակարանի սեփականատեր՝ քաղաքացի Վալերի Արմենակի Հարությունյանը հայտնաբերել է, որ իր հասցեում գրանցված է եւվս երկու անձ՝ Ավետյան Հրայր Էդիկի 27/10/1957, Վարդումյան Գագիկ Վարդանի 19/08/1957, որոնք իրականում այդ հասցեում գրանցված չեն:




























