Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկել է նախագահական ընտրություններին: Նա ժամանել է Երեւանի թիվ 10/21 ընտրական տեղամաս է ժամանել որդու եւ կնոջ հետ:

Նրա խոսքով` ինքն ընտրատեղամաս է եկել տոնական տրամադրությամբ: «Իմ որդին ասաց, որ ափսոսում է, որ ինքը 18 տարեկան չկա եւ չի կարող քվեարկել»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին, Հայաստանի վարչապետը նշեց, որ բոլոր ահազանգերը կլինեն իշխանության ուշադրության կենտրոնում:

Հարցին, թե ընտրություններից հետո հնարավո՞ր է նոր կոալիցիայի ձեւավորում, Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած ձեւաչափով: «ՀՀԿ-ն հանդես է գալիս հանդուրժողականության մթնոլորտի տարածմանը եւ չի բացառվում համագործակցության տարբեր ձեւաչափեր: Սպասենք ընտրությունների արդյունքներին եւ ամեն բան պարզ կլինի»,-ասել է նա:

Անդրադառնալով հարցին, թե ցանկանո՞ւմ է մնալ վարչապետի պաշտոնում, Տիգրան Սարգսյանը լակոնիկ պատասխան տվեց. «Դա հետաքրքիր հարց է, ես կմտածեմ»:

Նշենք, որ ժամը 11:00-ի դրությամբ, 10/21 ընտրատեղամասում քվեարկել է 1948 մարդ: