«Ես մասնակցել եմ ընտրության, եւ իմ անձնագրում դրված կնիքը ոչ անձեռոցիկի, ոչ որեւէ այլ բանի միջոցով չի մաքրվում»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով տեղեկությունները, թե անձնագրերում արված կնիքը հնարավոր է մաքրել խոնավ անձեռոցիկի միջոցով: Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը:
ԱԺ փոխնախագահը հորդորում է քաղաքացիներին անձամբ ստուգել սեփական անձնագրերը:
«Րաֆֆի Հովհաննիսյանին կխնդրեի նմանատիպ անհիմն հայտարարություն անելու փոխարեն օգտվել իշխանական կուսակցության կողմից իրեն ընձեռված հնարավորությունից` այն է` մեր շտաբը հայտարարել է, որ մենք երկու հանձնաժողովի անդամների միջեւ վստահված անձանց տեղը զիջել ենք Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին»,-հավելել է Շարմազանովը:
Նրա խոսքով` նախագահի թեկնածուն պետք է օգտվեր իրենց շտաբի տված հնարավորությունից եւ այդ ժամանակ արդեն կրկնակի քվեարկության մասին խոսելը կբացառվեր:
«Եթե պարոն Հովհաննիսյանի անձնագրում նման բան է եղել, կանխելու համար նման անհիմն մեղադրանքները, մեր շտաբն առաջարկել էր, բարի լինեին ներկայանային իրենց ներկայացուցիչները, եւ Աստված չանի, եթե որեւէ նման դեպք լինի, թող կանխեն»,-եզրափակեց ՀՀԿ խոսնակը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























