Նոր-Նորքի 4-րդ զանգվածում գտնվող թիվ 2/08 ընտրատեղամասում քվեարկության եկած քաղաքացի Արթուր Մինասյանը կերել է քվեարթերթիկը: «Ազատ լրագրողների ցանցի» փոխանցմամբ, Մինասյանը ընտրական հանձնաժողովի անդամից ստանալով իր քվեաթերթիկը, ինչպես հարկն է, մտել է քվեախուց, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո դուրս է եկել եւ ծրարով քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու փոխարեն կանգնել է ընտրատեղամասի կենտրոնում եւ «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին» վանկարկելուց հետո կերել է իր քվեաթերթիկը, որի վրա գրված է եղել «Ո՛չ կեղծ ընտրություններին»: Կնքված, բայց դատարկ ծրարը քաղաքացին նետել է քվեատուփի մեջ:
Ընտրական հանձնաժողովի նախագահը քաղաքացուն դուրս է հրավիրել ընտրատեղամասից, ինչից հետո «Ազատ լրագրողների ցանց» նախագծի հեղինակ Արթուր Մինասյանին են մոտեցել ընտրատեղամասը հսկող ոստիկանները, հրավիրել առանձին սենյակ՝ միաժամանակ վերադասին հեռախոսով զեկուցելով միջադեպի մասին: Քաղաքացին ոստիկաններից պահանջել է ներկայացնել իր ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի սահմանափակման իրավական հիմքերը, ինչը ոստիկանները չեն կարողացել անել, որից հետո Մինասյանը լքել է ընտրատեղամասը:
Քաղաքացու ազատ կամարտահայտման գործընթացի ժամանակ ընտրատեղամասում է գտնվել Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:




























