Այն բոլոր հայտարարությունները, որտեղ խոսվում է ընտրախախտումների առկայության մասին, ես համարում եմ՝ անհեթեթ բամբասանք: Այս մասին հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի շտաբի կողմից արձանագրված խախտումներին, ըստ որոնց Ստեփանավանից, Գյումրիից մարդիկ են բերում մայրաքաղաք՝ լրացուցիչ ցուցակներով քվեարկելու, կրկնակի ընտրություն կատարելու համար: Խոսք է եղել նաեւ հօգուտ իշխանական թեկնածուի ընտրակաշառքներ բաժանելու մասին, որի մասին թեկնածուն տեղեկացել է նաեւ քարոզարշավային փուլում՝ տարբեր շրջաններում:
«Երեկ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը հանձնաժողովի երկու անդամների մեջտեղում նստելու վստահված անձի իր տեղը զիջել է թեկնածուներ Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներին: Եթե իրենք մեր վստահված անձանց եւ հանձնաժողովին չեն վստահում, թող բարի լինեն գնան, նստեն եւ վերահսկեն: Ասելով չի, թող փաստեր ներկայացնեն: Չի սազում նախկին վարչապետին եւ նախագահի թեկնածուին՝ առանց փաստերի նման հայտարարություններ անել»,-ասել է Շարմազանովը, հավելելով, որ ոստիկանությունը եւ դատախազությունը շատ օպերատիվ աշխատում են, յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի 24 ժամ գտնվել տեղամասում եւ նկարահանումներ իրականացնել:
«Խախտում անելը խաղ ու պար չէ: Այնպես որ բամբասանք անելու փոխարեն, պարոն Բագրատյանը եւ Հովհաննիսյանը ճիշտ կանեն օգտվեն այն բարի կամքից, որը ցուցաբերել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, թող օգտվեն այն նվերից, որն արել ենք մենք իրենց եւ վերահսկեն պրոցեսը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ միայն ապացուցված խախտումների դեպքում ՀՀԿ շտաբը կարձագանքի: Նրա գնահատմամբ, մինչ այս պահը, որեւէ լուրջ ընտրախախտման դեպք, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, չկա:




























