ՀՀ քաղաքացիների կողմից Ռուսաստանում կատարվող հանցագործությունների թիվը կայունորեն նվազում է: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարար, բանակի գեներալ Ռաշիդ Նուրգալիեւը, ՌԴ ՆԳՆ-ի եւ ՀՀ ոստիկանության համատեղ կոլեգիայի նիստի ժամանակ: «ՀՀ քաղաքացիների կողմից ՌԴ տարածքում կատարվող հանցագործությունների թիվը 2006 թվականին կազմել է 2,822 հազար, 2007-ին` 2,210 հազար, իսկ 2008-ին արդեն` 2,048 հազար: Այս տվյալները վկայում են այն մասին, որ մեր հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է տալիս»,- ասել է Նուրգալիեւը, հավելելով, որ հայ եւ ռուս իրավապայհների միջեւ արդեն 10 տարի շարունակ կայուն տեղեկատվական փոխանակում է կատարվում:

«Վերջին 10 տարիներին մենք միմյանց կոնկրետ օգնություն ենք տրամադրում քրեական գործերի հետաքննությունների հարցում: Բայց ամենագլխավորն այն է, որ մեր համատեղ աշխատանքը զգալի չափով կրում է պրոֆիլակտիկ բնույթ: Հանցագործները հասկանում են, որ չեն կարող անպատիժ մնալ ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում եւ ստիպված են լինելու պատասխան տալ օրենքի առաջ»,- ասել է ռուս նախարարը, ընդգծելով, որ հանցագործին հանցագործությունից ետ պահողը պատժի անխուսափելությունն է:

Նուրգալիեւը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ դատարան է ուղարկվել Հայաստանի մի քաղաքացու գործ, ով, ըստ հետաքննության նյութերի, Սվերդլովսկում եւ Չելյաբինսկում գործող հանցագործ խմբի կազմում գողացել է շինարարական տեխնիկա, որի արժեքը անցնում է 15 միլիոն ռուբլուց:

Նշենք, որ ՌԴ ՆԳՆ-ի ու ՀՀ ոստիկանության համատեղ կոլեգիան անցնում է ռուսական «Իմպերիա» նավի վրա, որը Գելենջիկից Նովոռոսիյսկ է գնում: