Հայաստանը, խորհրդարանում վավերացնելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արձանագրությունները, որոնք մերժվելու են Թուրքիայի խորհրդարանում, հերթական պարտությունն է կրելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան ուղարկելու եւ վավերացման գործընթաց սկսելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը:
«Բնական է, որ հաջորդ քայլը պետք է լիներ դրանք խորհրդարան ուղարկելը, եւ որպեսզի աշխարհին ներկայանա մի մարդ, նախագահ, որ անկախ բոլոր խոչընդոտներից, փորձում է գործընթացն առաջ տանել, ուղղակի փորձում է ավելի ժողովրդավար երեւալ, քան Թուրքիայի իշխանությունները»,- նշեց ՍԴՀԿ ատենապետն ու հավելեց. «Վավերացնելով արձանագրությունները եւ մերժվելով Թուրքիայի խորհրդարանում, մենք հերթական պարտությունն ենք կրելու»:
Լյուդմիլա Սարգսյանն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի՝ Լոնդոնի «Chatհam House»-ում արած հայտարարությանը, թե մտադիր է հայ-թուրքական սահմանի բացմանը հրավիրել Ադրբեջանի նախագահին: «Անկեղծ ասած, ես գտնում եմ, որ նախ պետք էր հրավերի պատասխանը ստանալ, նոր այդ մասին հայտարարել: Եթե նախնական պայմանավորվածություն չկա, Սերժ Սարգսյանը հերթական անգամ կարող է հիմար վիճակի մեջ ընկնել, որովհետեւ վստահ եմ, որ Ալիեւը հրավերը չի ընդունի: Հատկապես, որ նրան հուզում է հայ-թուրքական սահմանի բացումը, վատ առումով»,- նկատեց ՍԴՀԿ ատենապետն ու հավելեց. «Սահմանի բացումն էլ հարցականի տակ է: Անժամանակ հայտարարել հրավերի մասին, հերթական բացթողումներից է, որ Սերժ Սարգսյանն արել է»:




























