Երեկ Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների «Chatham House» ինստիտուտում ելույթ ունենալով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն թուրքական կողմին հասկացրեց, որ պատրաստ է զիջել ազատագրված տարածքները։ Փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի գնահատական տվեց «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտե» հասարակական նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը ՝ մեկնաբանելով փետրվարի 10-ի ՀՀ նախագահի ելույթը։

«Նա երեկ խոսում էր միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի մասին։ Նա աշխարհին խնդրելով ասում էր, որ չի կարող զիջել ԼՂԻՄ-ը։ Մնացածի մասին, որ չէր խոսում (ազատագրված տարածքների), նշանակում է, որ մնացածը պատրաստ է զիջելու»,- ասաց Սեֆիլյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը չի շտապում այդ տարածքները հանձել ադբեջանական կողմին, քանի որ համոզված է, թե դրանով կավարտվի իր քաղաքական գործունեությունը. «Այն օրը, երբ Սերժ Սարգսյանը համոզվեց, որ կայսրություների շնորհիվ կարողանալու է մարսել ազատագրված տարածքների զիջումը, հենց հաջորդ օրն էլ կհանձնի»,-ամփոփեց Սեֆիլյանը։