Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանին արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մամլո ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը:
«Մեծապես կիսում ենք մամուլի ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքերը: Իսկապես, այս ընտրություններում հաղթել է Հայաստանի ժողովուրդը, հաղթել է այն ճանապարհը, որով բոլորս միասին ջանում ենք առաջ տանել մեր հայրենիքը: Այո՛, այս ընտրություններում հաղթողներ ու պարտվողներ չկան. հաղթել է հավատը Հայաստանի ապագայի նկատմամբ: Շատ ժամանակ չի մնացել 2013 թվականի նախագահական ընտրությունների ամփոփման համար:
Պարզապես հարկավոր է առանց շտապողականության եւ շահարկումների ավարտել գործընթացը, հաշվի նստել ժողովրդի կամքի հետ, ընդունել արդյունքները եւ շարժվել առաջ: Վստահ եմ՝ այսպես մենք միասին պատմություն կկերտենք, մեր պետության հաղթանակի պատմությունը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ընտրությունների ավարտից հետո լրագրողներին հայտարարել էր հետեւյալը. «Հայաստանի ժողովուրդը տոնում է իր հաղթանակը եւ դա հայտնի է բոլորին: Րաֆֆին չի հաղթել եւ Սերժն էլ չի պարտվել, այլ հաղթել է ժողովուրդն` արտահայտելով իր կամքն ընտրությունների ժամանակ: Մեր ժողովուրդն արժանի է դե յուրե ընտրված նախագահի»:




























