Հայաստանի Ազգային ժողովը նախագահի աշխատակազմից դեռ չի ստացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները՝ վավերացման գործընթաց սկսելու համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի խորհրդարանի տեղեկատվության եւ մամուլի հետ կապերի վարչությունից:
Իսկ Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից պատասխանեցին, որ դեռ տեղեկություններ չունեն, թե երբ են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված եւ հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի հավանությանն արժանացած արձանագրությունները ուղարկվելու Ազգային ժողով:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լոնդոնի «Chatham House»-ում ելույթ էր ունեցել եւ հայտնել, որ արձանագրություններն ուղարկելու է խորհրդարան՝ վավերացման գործընթաց սկսելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը փետրվարի 9-11-ն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի, արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի, արքայազն Չառլզի հետ:




























