Երեկ տեղի ունեցած նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցության ցուցանիշը 2008-ի համեմատ նվազել է 123 հազարով, որից 85 հազարը արձանագրվել է Երեւանում։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Իսկ մարզերում մասնակցության թիվը նախորդ նախագահական ընտրությունների համեմատ շատ քիչ է նվազել։ Ավելին, երկու մարզերում՝ Արարատում եւ Արագածոտնում, մասնակցության թիվն անգամ աճել է։ Արարատում այդ ցուցանիշն աճել  է 21 հազարով ու կազմել 157 հազար, 2008-ի 136 հազարի փոխարեն, իսկ Արագածոտնում այս անգամ մասնակցության ցուցանիշը եղել է 72 հազար 700 (նախկինում 71 հազար 200)։

2013-ի նախագահական ընտրությունների մասնակցության պաշտոնական ցուցանիշը տոկոսային արտահայտմամբ կազմել է 60 տոկոս։ Նախորդ նախագահական ընտրությունների մասնակցության ցուցանիշը տոկոսայինով եղել էր 69,2 տոկոս։ Տոկոսների այսպիսի տարբերությունը պայմանավորված է հիմնականում ընտրողների թվով։  2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը եղել է 2 միլիոն 328 հազար 320, իսկ 2013-ին այդ ցուցանիշը հասել է 2 միլիոն 528 հազար 463-ի։ Այսինքն՝ մասնակցության ցուցանիշը տոկոսային արտահայտմամբ այս ընտրություններում շեշտակի նվազել է ընտրողների թիվը մոտ 200 հազարով ավելնալու հաշվին»,- գրում է «Հայկական ժամանակը»: