«ՀՌԱԿ-ը հակված է նրան, որ որպես կոնկրետ գործառույթ սկսել ընտրողներից ստորագրություններ հավաքել, որպեսզի տեղի պատգամավորներին պատգամեն չվավերացնել հայ-թուրքական արձանագրությունները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանն ու հավելեց. «Սա է լինելու մեր հիմնական աշխատանքը թե՛ 14 կուսակցությունների համախմբման ձեւաչափով, թե՛ առանձին»:

Դիտարկմանը, թե «Ժառանգությունը» որոշել է դուրս գալ 14-ի ձեւաչափից, քանի որ ի տարբերություն ՀՅԴ-ի, որը համաձայն է հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել վերապահումներով, «Ժառանգությունը» ընդհանրապես դեմ է այդ փաստաթղթին, Հ. Առաքելյանն ասաց. «ՀՅԴ — „Ժառանգություն“ հարաբերություններում տեղի ունեցողը երրորդ կողմի հրահրանքի արդյունք է: Եթե „ժառանգությունը“ դուրս գա այս ձեւչափից դա ցավալի կլինի եւ կստացվի, որ սեպ խրողներին հաջողվեց նման գործառույթ իրականացնել»:

Հարցին, թե ՀՌԱԿ-ը կողմ է հայ-թուրքական արձանագրությունները վերապահումներով վավերացնելո՞ւն, թե՞ ընդհանրապես չվավերացնելուն, ՀՌԱԿ ատենապետը պատասխանեց. «Մենք ցանկանում ենք, որ այս գործընթացն ընդհանրապես դադարեցվի: Մենք միշտ հայտարարել ենք, որ Թուրքիան Հայաստանի համար հանդիսանում է թշնամական պետություն, շարունակողն է ցեղասպանության: Մենք գտնում ենք, որ ցեղասպանությունը երեք փուլից էր բաղկացած. Նախապատրաստում` լոկալ ջարդեր (մինչեւ 1915 թ), ցեղասպանության իրականացում (1915-23թթ) եւ հետքերի կոծկում (1923-2010թթ): Մինչ այժմ Թուրքիան զբաղված է կոծկմամբ եւ այդ հարցի լուծումը մենք տեսնում ենք Հաագայի միջազգային դատարանում: Մենք դեմ ենք միջնորդավորված որեւէ պայմանագրերի՝ հանցագործների հետ»: