ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթրակված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի շտապում հայտարարություն անել եւ գնահատել ընտրությունների ընթացքն ու արդյունքները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ընտրությունների ընթացքի, արդյունքների վերաբերյալ տարբեր նյութեր են բերում, այսօր կփորձեն համադրել այդ բոլոր, բայց չի շտապում հայտարարություն անել, թող դիտորդները խոսեն,այնուհետեւ իրենք հայտարարությամբ հանդես կգան: «Շտապել պետք է, երբ դու տալիս ես առարկայական եւ գործնական հետեւություններ պահանջող գնահատական»,- նշեց Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով իր արդյունքներին` Հայրիկյանը նշեց, որ Գողթնում իր քաղաքացիական պարտքը կատարելիս հայտարարել է, որ մեկ ձայն արդեն ունի, իսկ այժմ հայտարարում է. «Պարզվեց, որ մեկ ձայն չունեմ, մի քիչ ավել է»:
Հարցին, թե միանալո՞ւ եք այսօր` փետրվարի 19-ին ժամը 17.00-ին Ազատության հրապարակում սպասվող Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, Պարույր Հայրիկյանը այսպես արձագանքեց. «Ի՞նչ հանրահավաք է, որ ես էլ միանամ: Ինքը իմ հանրահավաքին միացե՞լ է: Ես հրավեր չեմ ստացել, իրենց հանրահավաքն է, թող անեն, տեսնենք ինչ են ասում»: Նա նշեց, որ իրեն չեն հետաքրքրում ընտրությունների արդյունքները եւ հունվարի 31-ից հետո ինքը բոլորովին այլ խնդիր ունի:
Հարցին, թե շնորհավորելո՞ւ եք Սերժ Սարգսյանին, քանի որ ձեր ասուլիսներից մեկում հայտարարել էիք, թե նարդի խաղալիս էլ, ով հաղթում է, շնորհավորում եք, նա խնդրեց իրեն հիմար հարցեր չտալ:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել: Մահափորձից հետո` փետրվարի 1-ին, Հայրիկյանը հայտարարել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությւնները հետաձգելու խնդրանքով: Այնուհետեւ նա մի քանի անգամ փոխել է իր որոշումը` մեկ հայտարարելով, որ դիմելու է, մեկ` որ դեռ որոշում չի կայացրել: Փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ` երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու խնդրանքով, իսկ փետրվարի 11-ին նա ՍԴ-ից հետ է վերցրել իր դիմումը: Նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից: Սակայն մարզեր կատարած այցելությունները վատ էին անդրադարձել նրա առողջական վիճակի վրա, աջ ձեռքի ցավերը ուժեղացել էին եւ նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Երեկ իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Պարույր Հայրիկյանը վերադարձել է հիվանդանոց:
Նշենք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: ԿԸՀ -ի տվյալներով, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան – 58,64% (861160ձայն)
2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան – 36,75% (539672 ձայն)
3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան–2,15 % (31643 ձայն)
4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան– 1,23% (18093 ձայն)
5. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան – 0,57 % (8328 ձայն)
6. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան –0,42% (6203 ձայն)
7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան –0,24% (3516):
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























