Հրանտ Դինքի սպանության մեջ թուրքական պետությանը մեղադրող եւ դրա համար Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրվող լրագրող Թեմել Դեմիրերը դատարանում կրկնել է իր խոսքերը։
Թուրքական bianet.org կայքի փոխանցմամբ՝ քաղաքացիական գործերով Անկարայի 2-րդ դատարանում տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ թուրքականության ինքնությունը վիրավորելու համար մեղադրվող Է Թեմել Դեմիրերի դատապաշտպան Լեւենթ Քանաթը դատարանից պահանջել է արդարացման վճիռ կայացնել իր պաշտպանյալի նկատմամբ, քանի որ նրա հայտարարությունները տեղավորվում են խոսքի ազատության սահմաններում։ Սակայն դատարանը որոշում է կայացրել հետաձգել Թեմել Դեմիրերի նկատմամբ հետաքննությունն ու դատական գործընթացը։
Դատարանում լրագրողների հարցերին պատասխանող Թեմիլ Դեմիրերը նշել է, թե 2007-ին ասել է, որ Հրանտ Դինքին սպանել է պետությունը եւ Հայոց ցեղասպանությունը եղել է։ «Ես կրկին ասում եմ, որ Դինքին պետությունն է սպանել։ Թող կրկին ինձ դեմ հայց ներկայացնեն։ Այսօր բոլորն էլ գիտեն Հայոց ցեղասպանության մասին»,-ասել է թուրք լրագրողը։




























