Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը պնդում է, որ նախագահի մյուս թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ որեւէ կապ չունի: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: «Ժողովուրդ ջան, դուք դեռ չեք հասկացե՞լ, որ ես ընդհանարապես կապ  չունեմ այդ ամենի ինչ հետ»,- ասաց Վարդան Սեդրակյանը եւ հավելեց, որ իրեն մինչեւ այսօր հարցաքննության չեն հրավիրել եւ որեւէ խնդիր իր հետ կապված չի եղել:

Ինչ վերաբերում է այդ գործով ձերբակալված նրա ծանոթ Խաչիկի կնոջ եւ զոքանչի հայտարություններին, ովքեր իր անունն են տվել, նա ասաց. «Իմ հարեւանը Սամվելն է: Ճիշտ է, Խաչիկինք Քանաքեռում են ապրում, բայց մեզանից բավականին հեռու են: Եթե ես նրանց տեսնեմ, չեմ ճանաչի: Եթե իմ թեկնածությունը դրած չլինեի եւ նրանք ինձ հեռուստատեսությամբ տեսած չլինեին ինձ դեմքով էլ չէին ճանաչի: Կանայք են հուզվել խոսել են: Նրանց էլ է պետք հասկանալ` մեկը կին է, մեկը` զոքանչ : Դա բնական ռեակցիա է»: 

Հարցին, թե կարելի՞ է այս թեման փակված համարել, Սեդրակյանն ասաց. «Բա դե փակված է, բա ինչ է: Բայց վերջնականապես փակված կհամարվի ԱԱԾ հայտարարությունից հետո: Ճիշտ է, նրանց ճանաչել եմ: Երեւի կհրավիրեն ԱԱԾ, կխոսենք, բայց դե ինչ-որ կերպ ինձ հետ կապելը կարող եք փակված համարել»:

ԱԱԾ-ից էլ NEWS.am-ին փոխանցեցին, որ գործով նորություններ չկան եւ նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ  Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել էին: Նրա դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 7-ին Հայաստանի ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել, ապա կալանավորվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ  կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության  համար դատապարտված Խաչատուր Պողոսյանը եւ 1972թ. ծնված Սամվել Հարությունյանը: ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, Ա. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Իսկ ավելի ուշ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հաստատեց տեղեկությունները, որ կալանավորվածները իրեն ծանոթ են եւ մանասկցել են իր տան վերանորոգման աշխատանքներին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am