Հարյուրից ավելի տարիքով հնաոճ իրերի ներմուծման ծավալը 2012 թ. կազմել է 924 կգ՝ 6.3 անգամ ավելի, քան 2011 թ.: Դեռ երբեք այսքան մեծ ծավալով հնաոճ իրեր Հայաստան չէին ներմուծվել:

Ավելացել է ներկրվող հնաոճ իրերի ոչ միայն ֆիզիկական ծավալը, այլեւ արժեքը: 2012 թ. 1 կգ հնաոճ իրի ներմուծման համար հայաստանցիները ծախսել են 67 դոլար՝ նախորդ տարվա 43.6 դոլարի համեմատ:

Նշենք, որ Հայաստանը ոչ միայն ներմուծում, այլեւ արտահանում է հնաոճ իրեր, ու դատելով վիճակագրությունից՝ դա աճող բիզնես է: 2012 թ. արտահանվել է 260 կգ հնաոճ իր՝ 1 կգ-ը 340 դոլարով: 2011 թ. համեմատ հնաոճ իրերի արտահանման ծավալը աճել է մոտ 6%-ով, սակայն արտահանման ծավալն, այնուամենանիվ, զիջել է ներմուծման ծավալին:

Նշենք, որ Հայաստանում հնաոճ իրերի մասնագիտացված խանութներ չկան, գրեթե ողջ առեւտուրն իրականացվում է բացօթյա՝ Վերնիսաժում: Որոշ արվեստագետներ (նկարիչներ, քանդակագործներ) իրենց այցելուներին եւս առաջարկում են հնաոճ իրեր՝ դիտարկելով դա որպես բիզնես: Հուսով ենք՝ թանգարանային նմուշներ Հայաստանից չեն արտահանվում: