«Թուրքիայի տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր տեղակայելու մասին խոսակցություններն, անկեղծ ասած, դեռ միայն խոսակցություններ են, որոնք լուրջ չեն քննարկվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ նկատելով, որ պաշտոնապես խոսվում է միայն Ռումինիայի տարածքում նման համակարգեր տեղակայելու մասին, իսկ Թուրքիայի կողմից այդպիսի ցանկություն դեռ չկա:

«Ես քիչ հավանական եմ համարում, որ այդպիսի բան տեղի ունենա, որովհետեւ դա կզայրացնի ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Պարսկաստանին: Այսօր Թուրքիայի ղեկավարությունն այնպիսի դիրքում է, որ չէր ցանկանա իր հարաբերությունները փչացնել Իրանի ու Ռուսաստանի հետ: Այն պայմանավորվածությունները, որ Թուրքիան ձեռք է բերում Ռուսաստանի հետ, իրական են, եւ նա չէր ցանկանա կասկածի տակ դնել այդ նախագծերը: Այնպես, որ Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու վերաբերյալ խոսակցություններն, այս պահի դրությամբ, դեռ լուրջ հիմքեր չունեն»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Թեհրան-Երեւան-Անկարա համագործակցության առանցք ձեւավորելուն, որի վերաբերյալ հայտարարություն էր արել Թուրքիայում Իրանի դեսպանը, Ե. Բոզոյանն ասաց. «Սա միայն ցանկություն է, որին ես լուրջ չեմ կարող վերաբերվել: Այսօր Թուրքիայի քաղաքականությունն Իրանին լրիվ գոհացնում է, որովհետեւ Թուրքիայի կառավարությունը հակաիսրայելական դիրք է բռնել: Դրանից բացի, Ադրբեջանի կողմից արված քայլերը, երբ Իսրայելի ԱԳ նախարարը այցելեց Բաքու եւ կոշտ հայտարարություններով հանդես եկավ Թուրքիայի դեմ, խիստ զայրացնում է Իրանին եւ դա է պատճառը, որ նա փորձում է այսպիսի առանցք ստեղծել: Սակայն Իրան-Հայաստան-Թուրքիա առանցք ստեղծելն իրատեսական չէ, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները մեծապես կախված են Ադրբեջանից»: