Այսօր առավոտյան Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննել է ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը եւ մերժել այն: Կեսօրին վերաքննիչ դատարանում մերժել են նաեւ Տ. Առաքելյանի պաշտպանի ներկայացրած բողոքը, իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշել է, որ իրենք բողոքարկելու են թե ընդհանուր իրավասության, թե վերաքննիչ դատարանների որոշումները:

Նշենք, որ երկու նիստերն էլ անցել են դռնփակ և երկուսին էլ Տիգրան Առաքելյանը չի մասնակցել։ Սակայն, եթե վերաքննիչ դատարանում նիստերին սովորաբար մեղադրյալները չեն մասնակցում, ապա ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող նիստին Տ. Առաքելյանը ցանկացել է մասնակցել, բայց դատավոր Գագիկ Ավետիսյանը այդ միջնորդությունը մերժել է։

Ողջ դատական նիստի ժամանակ դատարանի բակում հավաքված են եղել ՀԱԿ-ի մի խումբ երիտասարդ ակտիվիստներ, որոնց ձեռքին եղել են Տ. Առաքելյանի նկարով պաստառներ` «Ազատություն Տիգրան Առաքելյանին» մակագրությամբ: Հնարավոր է, որ երիտասարդները ի պաշտպանություն իրենց ընկերոջ, նստացույց սկսեն: