ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը նախօրեին՝ փետրվարի 11-ին, սրտի վիրահատություն է տարել:
Վիրահատական միջամտության մասին որոշումը կայացվել է, երբ 63-ամյա քաղաքական գործիչը դիմել է իր բուժող բժշկին՝ կրծքի հատվածում ցավերի պատճառով:
Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում Քլինթոնին երկու ստենդ են տեղադրել:
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, նախկին նախագահի ինքնազգացողությունը ներկայումս գնահատվում է գերազանց:
Նրա բուժող բժշկի՝ Ալան Շվարցի խոսքով, սրտի վիրահատությունը «սահուն» է անցել: Նա հաղորդել է, որ արդեն երկուշաբթի Քլինթոնը կարող է վերադառնալ աշխատանքի:
Շվարցը նաեւ հերքել է տեղեկությունները, թե Քլինթոնը սրտի նոպա է տարել: Ըստ նրա՝ ցավերը, թերեւս, առաջացել են վեց տարի առաջ տեղադրված չորս շունտերից մեկի խաթարման արդյունքում:
Իր ամուսնու հոսպիտալացման կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը որոշում է կայացրել հետաձգել Պարսից ծոց կատարելիք իր այցը: Նախապես նախատեսվում էր, որ պետքարտուղարը Քաթար է մեկնելու փետրվարի 12-ին, սակայն այցը հետաձգվել է մեկ օրով, հաղորդում է Associated Press-ը:




























