Եվրոպա-Հայաստան Խորհրդի անդամները, որոնց թվում ճանաչված քաղաքական եւ հասարակական գործիչներ են Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից, բաց նամակով դիմել են Եվրամիության պաշտոնյաներին՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Իրժի Բուզեկին, ԵՄ արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար բարոնուհի Էշթոնին, Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գաբրիելե Ալբերտինիին, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին ու այլոց՝ հայ-թուրքական մերձեցման գործընթացի կապակցությամբ:

Ըստ նամակի հեղինակների՝ «հայ-թուրքական հարաբերությունները մի պատմական կետի են հասնում, որը խորապես կազդի Հարավային Կովկասի ապագա դիվանագիտական եւ ռազմավարական իրավիճակի վրա»:

«Մենք համոզված ենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների ստորագրությամբ սկսվեց իսկապես մի պատմական գործընթաց, որը կփոխի թշնամական տրամադրությունները երկու երկրների միջեւ եւ կնպաստի ամբողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը: Սակայն, խորը ափսոսանքով տեսնում ենք, որ մերձեցումը խոչընդոտվում է քաղաքական կամքի պակասի եւ արձանագրությունների հիմնարար սկզբունքները աղավաղելու փորձերի պատճառով»,- նշել են նրանք՝ հավելելով, որ Թուրքիան եւ Հայաստանը պետք է շարունակեն ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը՝ առանց նախապայմանների:

Նամակի հեղինակները նաեւ մտահոգություն են հայտնում գործընթացի հնարավոր ձախողման վերաբերյալ եւ մտավախություն, որ այս խնդիրը դիվանագիտական միջոցներով լուծելու հնարավորությունը կհետաձգվի երկար ժամանակով:

Խորհուրդը հորդորել է տարածաշրջանի բոլոր կողմերին՝ կառուցողական ներդրում ունենալ եւ, մասնավորապես, հրավիրել է Ադրբեջանին՝ սատարել գործընթացը, իսկ Հայաստանի կառավարությանը եւ Սփյուռքին կոչ է արել դիմադրել թուրքական կառավարության փորձերին՝ կապելու արձանագրությունների վավերացումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ: