2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններն ընթացել են քաղաքական մրցակցության բացակայությամբ, նվազ նախընտրական քարոզչությամբ, ինչպես նաեւ քվեարկության օրը ընտրական տեղամասերում կուսակցական դիտորդների մասնակցության համեմատաբար ցածր ցուցանիշով: Այս մասին նշված է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի` ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ:

«Այս ամենը մեկնաբանվում է նրանով, որ երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները որոշում են կայացրել չառաջադրել թեկնածուներ ՀՀ նախագահական ընտրություններին  եւ հետեւաբար, ընտրական տեղամասերում չեն ներկայացրել իրենց վստահված անձանց:

Ընտրության օրը ուղեկցվել է ընտրական ճշգրիտ կառավարմամբ, որը միտված է եղել ապահովելու ընտրությունների խաղաղ ընթացքը: Անյուամենայնիվ, ընտրության օրը քաղաքացիական դիտորդները արձանագրել են մի շարք խախտումներ, որոնց թվում նաեւ քվեաթերթիկների լցոնման, բազմակի քվեարկության եւ թեկնածուների վստահված անձանց կողմից դիրտորդներին սպառնալիքների ենթարկման դեպքեր:

Վերոնշյալը ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ խիստ մտահոգության տեղիք է տալիս: Որոշ ընտրական տեղամասերում, որտեղ քաղաքացիական դիտորդների կողմից իրականցվել է դիտորդություն, ընտրողների մասնակցության զգալիորեն ավելի ցածր ցուցանիշ է արձանագրվել (մինչեւ 25%), քան հարեւան այլ ընտրատեղամասերում (հաճախ միեւնույն շինության ներսում) որտեղ դիտորդներ չեն եղել: Ընտրողների մասնակցության ուռճացված ցուցանիշով ընտրատեղամասերում գործող նախագահ Սերժ Սարգսյանի քվեների թիվն ավելի բարձր է եղել, քան իր մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

Սույն դիտարկումները հիմք են տալիս ենթադրելու, որ ընտրության օրը թե՛ ընտրողների մասնակցության, թե՛ փաստացի քվեարկության ցուցանիշները ենթարկվել են կեղծարարության:

Նոր ընտրական օրենսգիրքը ընդհանուր առմամբ ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրությունների անցկացման համապատասխան դաշտ է սահմանում եւ ավելի մեծ լիազորություններ է նախատեսում քաղաքացիական դիտորդություն իրականացնելու համար:  Քաղաքացիական դիտորդությունը Հայաստանում ավելի մեծ ուշադրության է արժանի հայկական եւ միջազգային կառույցների կողմից: Քաղաքացիական դիտորդության վերաբերյալ գործող իրավական նորմերը պետք է կատարելագործել, ինչպես նաեւ պետք է ամրապնդել մեթոդաբանական աջակցությունը՝ երկրում ընտրական գործընթացների վերաբերյալ քաղաքացիական վերահսկողությունը հետագայում զարգացնելու եւ ազգային եւ միջազգային ժողովրդավար կառույցների նկատմամբ բարձրացնելու հանրային վստահությունը»,-ասված է հայտարարության մեջ: