Հայ-թուրքական արձանագրություններն այսօր մտնելու են Հայաստանի Ազգային ժողով։ Այս մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ այս քայլը միայն տեխնիկական նշանակություն ունի եւ արձանագրությունները խորհրդարանում չեն քննարկվելու, քանի դեռ Թուրքայի Մեծ ժողովը չի վավերացրել դրանք։

«Հայաստանի Ազգային ժողովի ընթացակարգն այնպիսին է, որ հնարավոր է երեք կամ տասը տարի այդ արձանագրությունները չքննարկվեն»,-ասաց Սահակյանը։

Վերջինս, անդրադառնալով Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ժամկետին՝ ասաց, որ իր կարծիքով արդեն ավարտվել է վավերացնելու ողջամիտ ժամկետը։

«Մեր համբերության բաժակը լցվել է։ Կարծում եմ, որ եթե Թուրքիան նույն սեթեւեթանքներով առաջ գնա, խնդիր կառաջանա ստորագրությունները հետ վերցնելու»,-հավելեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը։