Ոստիկանությունը ձերբակալել է երեկ առավոտյան ՎՏԲ (Հայաստան) բանկի Բաղրամյան 56 հասցեում գտնվող մասնաճյուղի վրա հարձակում գործած անձանց:

Հանցագործները ձերբակալվել են Բագրատաշենի սահմանային անցակետում: Բերման ենթարկվողները Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ` 38-ամյա Ռեւազ Գուլբատաշվիլին, 37-ամյա Թինաթին Դավիթաշվիլին եւ 33-ամյա Դավիթ Աբուլաձեն են: Նրանց 4-րդ գործընկերը` 33-ամյա Գելա Աբուլաձեն՝ Դավիթ Աբուլաձեի հորեղբոր որդին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից: Բերման ենթարկվածների մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 3800 ամերիկյան դոլար, 6000 ռուբլի, մարզական հանդերձանք, կանացի կեղծամ, գլխարկներ, պայուսակներ, սեւ ակնոցներ, ծալովի դանակ, ալկոհոլային խմիչք եւ այլն:
Հանցագործները խոստովանել են, որ ՎՏԲ բանկի մասնաճյուղի վրա իրենք են ավազակային հարձակում կատարել:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին, ժամը 09.20-ի սահմաններում դիմակավորված եւ զինված երեք անհայտ անձինք մուտք են գործել նշված բանկի մասնաճյուղ, դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել կառավարիչ` 1954 թ. ծնված Սեդա Հ.-ին եւ հափշտակելով 3 միլիոն 900.000 դրամ, 3 040 դոլար, 420 եվրո, 18 000 ռուբլի` դիմել են փախուստի: