Բուլղարական եկեղեցին նոր պատրիարք է ընտրել:

Փետրվարի 24-ին, ողջ բուլղար հասարակությունը սպասում էր Սոֆիայի Սբ. Ալեքսանդր Նեւսկի Մայր Տաճարի ղողանջներին, որոնք պիտի ազդարարեին Բուլղար ուղղափառ եկեղեցու նոր Պատրիարքի ընտրությունը:

Ամբողջ գիշերն անցկացնելով Հսկումի եւ Աղոթքի մեջ՝ առավոտյան Պատրիարքական ընտրության եկեղեցական ժողովը սկսել է իր աշխատանքը: Ընտրությունը պիտի կատարվեր երկու փուլով: Առաջին փուլում ժողովի մասնակիցները քվեարկել են մետրոպոլիտներ Գալակտիոն, Նեոֆիտ եւ Գավրիիլ արքեպիսկոպոսների համար: Նրանք համապատասխանաբար ստացել են 22, 71 եւ 43 ձայներ: Այդպիսով երկրորդ փուլ անցան Ռուսեի թեմի Մետրոպոլիտ Նեոֆիտ արքեպիսկոոսը եւ Լովեչի թեմի Մետրոպոլիտ Գավրիիլ արքեպիսկոպոսը:

Սկսվել է երկրորդ փուլի քվեարկությունը, որի արդյունքում մետրոպոլիտ Նեոֆիտը հռչակվել է Համայն Բուլղարիո նորընտիր Պատրիարք, հավաքելով 90 ձայն: Սբ. Ալեքսանդր Նեւսկի Մայր Տաճարի զանգերը սկսեցին ուժգնորեն ղողանջել եւ ազդարարել նոր Պատրիարքի ընտրությունը:

Պատրիարքական ընտրության եկեղեցական ժողովի ավարտից անմիջապես հետո նորընտիր Պատրիարքը հոգեւոր դասի եւ ժողովի պատգամավորների թափորի ուղեկցությամբ մտել է Մայր Տաճար, ուր «Արժանի է» հոգեւոր դասի կոչով սկսվեց պատրիարքական գահակալության պաշտոնական արարողությունը:

Գահակալության պաշտոնական արարողության ավարտին Նորին Սրբություն Համայն Բուլղարիո Նեոֆիտ Պատրիարքը իր առաջին պատգամն է հղել ներկաներին եւ ողջ բուլղար ազգին:

Իր խոսքում Նորին Սրբությունը հավաստել է, որ մեծագույն պատասխանատվությամբ է ստանձնում Աստվածահաճո այս ծառայությունը: «Ծանր է այն խաչը, որը Սուրբ եկեղեցին դրեց իմ տկար ուսերին: Հայցում եմ Աստծո զորությունը, որը հայտնվում է տկարության մեջ: Ես ուժեղ եմ այնժամ, երբ ինձ տկար եմ զգում», – իր խոսքում նշել է Նեոֆիտ Պատրարքը, ավելացնելով, որ պատրիարքական իր ծառայության ընթացքին միշտ իր առջեւ պիտի ունենա լուսահոգի Մաքսիմ Պատրիարքի անցած ուղին եւ օրինակը:

Գահակալության պաշտոնական արարողությանը մասնակցել են բազում հյուրեր եւ պաշտոնատար անձինք Բուլղարիայից եւ արտերկրից:

Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Սբ. Ալեքսանդր Նեւսկի Մայր Տաճարում պատրիարքական գահակալության պաշտոնական արարողությանը մասնակցել են Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը եւ Թեմական խորհրդի ատենապետ պ-ն Ռուբեն Գրիգորյանը:

Նրանք Նեոֆիտ Պատրիարքին են փոխանցել Գարեգին Բ-ի եղբայրական ողջույներն ու շնորհավորանքները, հաղորդում «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքը (Բուլղարիա):