Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ նախագահական ընտրությություններում տարած հաղթանակի համար:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր ուղերձում նշել է. «Հայաստանում, որտեղ հիշում եւ հարգում են մեր ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամությանն ու փոխադարձ աջակցությանը Ձեր հավատարմությունը, համոզված են, որ հայ-ուկրաինական համագործակցության հետագա ընդլայնումն անհրաժեշտություն է»:

Սերժ Սարգսյանը նկատել է նաեւ, որ «անկեղծորեն հակված է կառուցողական համատեղ աշխատանքի` ի շահ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների զարգացման, դրանց նոր որակ հաղորդելուն` հիմնված փոխադարձ շահերի հաշվի առնման եւ հարգանքի, երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգի շուրջ սերտ համագործակցության, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների լուծման մոտեցումների համակարգման վրա»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում փետրվարի 7-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Շրջանների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը հավաքել է ընտրողների ձայների 48,95 տոկոսը, իսկ վարչապետ Յուլիա Տիմոշենկոն 45,47 տոկոսը։ Բոլոր թեկնածուների դեմ են քվեարկել ընտրողների 4,36 տոկոսը։