«Ժառանգություն» կուսակցությանը վրդովվեցրել է տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հայ-թուրքական «տխրահռչակ» արձանագրությունները ներկայացնել ՀՀ ԱԺ-ի վավերացմանը, որի կապակցությամբ նա հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Փաստաթուղթ նախաստորագրվել էր 2009թ. ապրիլի 22-ի գիշերը հասարակությունից գաղտնի մի գործընթացի արդյունքում, եւ գործող իշխանությունը դրանով նպատակ ուներ ներքին լեգիտիմությունը փոխհատուցել արտաքինով` զիջումներ անելով մեր ազգային կենսական շահերի հաշվին:

Կանխատեսելի էր, որ գործող իշխանությունը` օգտագործելով իր իսկ թելադրանքով ՍԴ-ի ընդունած ներքին ծխածածկույթ ապահովող որոշումը, այժմ էլ մտադիր է դրանք հապճեպորեն վավերացնել գործադիրի կցորդի վերածված Ազգային ժողովում:

Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ու համայն հայության կենսական շահերի տեսանկյունից անընդունելի, խիստ վտանգավոր նախապայմաններ են պարունակում, ուստիեւ պետք է մերժվեն թե՛ ԱԺ-ի, թե՛ հանրության կողմից: Երկու երկրների հարաբերությունների „նորմալացման“ ներկայիս գործընթացի առնչությամբ հայ ժողովրդին եւ մեզ համակած մտահոգությունները բազմիցս հիմնավորվել են հենց Թուրքիայի վարչապետի, ԱԳ նախարարի, այլ պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններով, մասնավորապես` վերջին տասն ամիսների ընթացքում նրանց հակահայկական, հակահայաստանյան, հակաարցախյան դիրքորոշումներով, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ուրացման ու մերժման շարունակվող քաղաքականությամբ:

Միայն Թուրքիայի կողմից առանց որեւէ նախապայմանի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ իր իսկ ձեռքով փակված սահմանի բացումը կարող են հիմք հանդիսանալ հայ եւ թուրք ժողովուրդների, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ վստահության վերականգնման եւ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորման համար: Իսկ Հայաստանի գործող իշխանությունները եւ նրանց մաս կազմող պատգամավորները պետք է քաջ գիտակցեն, որ ժողովրդի կամքին հակառակ կայացրած ցանկացած որոշում, վերջին հաշվով, առ ոչինչ է:

„Ժառանգությունը“ հայտարարում է, որ այն օրը, երբ արձանագրությունները պաշտոնապես կմտնեն ՀՀ Ազգային ժողովի օրակարգ եւ կդառնան համապատասխան նիստի քննարկման առարկա, մենք այն կդիմավորենք ԱԺ դարպասների մոտ` բարձրաձայնելով մեր բողոքն ու վճռական „ՈՉ“-ը: Մենք կոչով դիմում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին` միանալ այդ հանրահավաքին եւ թույլ չտալ կյանքի կոչել այս իրավասպան ու հիրավի հայրենադավ փաստաթղթերը: Այդ օրը ողջ ժողովուրդը եւ նրա շահերն իրապես սպասարկող քաղաքական ուժերը պետք է ապացուցեն հայոց ինքնիշխանությանը, իրավունքին ու արժանապատվությանը տեր կանգնելու իրենց անկոտրում կամքը», ասված է հայտարարության մեջ: