«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը:

«Իրագործելով Ջավախքը հայաթափելու պետական ծրագիր, Վրաստանի իշխանությունները 2008թ. ձերբակալեցին „Միասնական Ջավախք“ կազմակերպության ղեկավարներից Վահագն Չախալյանին եւ ապօրինի մեղադրանքով դատապարտեցին տաս, իսկ Գուրգեն Շիրինյանցին հեռակա` տասնյոթ տարվա ազատազրկման: Գուրգեն Շիրինյանցին Վրաստանի բռնապետ Սահակաշվիլիի կամակատարները չկարողացան ձերբակալել եւ նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Ըմբոստ եւ վճռական կեցվածքով այդ երիտասարդները եւ նրանց ընկերները, պայքարում են Ջավախքում բնակվող հայերի արժանապատիվ կյանքի համար: Նրանք մարմնացումն են ազատատենչ եւ ոգեղեն Հայ մարտիկի: Այն, որ Հայաստանի հանրապետության իշխող վարչախումբը ազգային-պետական շահերը պարբերաբար ստորադասում եւ զոհաբերում է անձնական-հատվածական շահերին, որեւէ մեկի համար այլևս զարմանալի չէ: Սակայն անբարոյականությունը նրանց համար այլես սահմաններ չի ճանաչում:

Նույն տերերին ծառայող Հայաստանի եւ Վրաստանի նախագահների պաշտոնները զբաղեցնող անձիք, որոնք չեն վայելում ժողովրդի վստահությունը, սերն ու հարգանքը, հունիսի 24-ին պետք է հանդիպեն Երևանում: Սերժ Սարգսյանին հրաշալի առիթ է ընձեռվել, մեկ անգամ եւս իր իշխանությունը երկարաձգելու նպատակով, քծնանքի միջոցով սիրաշահելու Սահակաշվիլիին եւ նրա արևմտյան տերերին: Հայաստանի հանրապետության իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել Վրաստանում փնտրվող Գուրգեն Շիրինյանցին:

Որեւէ կասկած չպետք է ունենալ այս ռեժիմի այլասերվածության մասին, քանի որ Գուրգեն Շիրինյանցին հայտնաբերելով, նրան կհանձնեն Վրաստանի իշխանություններին: Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման կեցվածքը, եւ կոչ ենք անում իրավապահ համակարգին անտեսել ազգադավ եւ տմարդի հրամանի կատարումը»,- ասված է «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: