Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավար, ծովակալ Էդուար Գիյարի հետ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագրերը եւ Փարիզում ստորագրված համաձայնագրի դրույթները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, հավանական զարգացումներին արձագանքելու հնարավորություններին:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի մոտ կազմակերպված պսակադրման եւ բոցավառման արարողությանը, այցելել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կազմակերպած ցուցահանդես, որտեղ ներկայացված են նկարիչ եւ քանդակագործ Արտո Չախմախչյանի աշխատանքները: