Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակը ներկա պահին հարձակման չի նապատրաստվում, քանի որ առաջին հերթին լուծում է պաշտպանության խնդիրները, սակայն բացառված չէ, որ իրավիճակը փոխվի եւ Ղարաբաղն անցնի հարձակման: Այդ մասին հուլիսի 23-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ լրագրողների հետ զրույցում: Բայց եթե ադրբեջանական կողմը փորձի վերսկսել ռազմական գործողությունները, ԼՂՀ պաշտպանական բանակը կանի ամեն հնարավորը՝ ստիպելու Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ նստելու: «Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան խնդիրը լուծել ուժով, եւ չի թաքցնում դա»,- ասել է նախարարը՝ նշելով, որ հրադադարի ռեժիմի խախտումներ ադրբեջանական կողմից տեղի են ունենում գրեթե ամեն օր:

Հակոբյանի խոսքերով՝ ԼՂՀ բանակն ամեն րոպե պատրաստվում է պաշտպանական մարտի: «Բանակը այնպիսի կառույց է, որ կարիք ունի մշտական կատարելագործման, ինչպես պատրաստության, այնպես էլ ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով: Այն տեխնիկան, որ այսօր ունի ԼՂՀ պաշտպանական բանակը, բավարար է մեր առջեւ դրված խնդիրները լուծելու համար: Արվում է ամեն ինչ այդ տեխնիկան պահպանելու եւ միաժամանակ նորը գնելու համար»,- ասել է նախարարը՝ նկատելով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շրջանցել է բանակը, իսկ զինծառայողների միջին աշխատավարձը նույնիսկ բարձրացել է:

Հակոբյանը նույնիսկ նշել է, որ եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, ԼՂՀ պաշտպանական բանակը ձեռնարկելու է Շահումյանի եւ Մարտունու շրջանի մի մասը ազատագրելու գործողություններ: