Հարավային Կովկասում Ռուսաստանը մտրակի եւ բլիթի քաղաքականություն է իրականացնում. մտրակը նա սովորաբար պահում է Վրաստանի համար, իսկ բլիթը` Հայաստանի:  Այս մասին հայտարարել է  Շվեյցարիայի  անվտանգության հարցերի ուսումնասիրման կենտրոնի ավագ գիտաշխատող Ագլայա Սնետկովը Ցյուրիխի տեխնոլոգիական ինստիտուտի  «The International Relations and Security Network» (ISN) կայքին տված հարցազրույցում: NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում հարցազրույցից.

Որո՞նք են Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակները.

Ռուսաստանը երկար ժամանակ է ներկա Հարավային Կովկասում: Եւ չնայած Ռուսաստանը ձգտում է  պահպանել տարածաշրջանում  իր ազդեցությունը, հարավկովկասյան պետություններից յուրաքանչյուրում նրա իրական հավակնություններն ու  հարաբերությունները բավականին տարբերվում են:  1990-ականների սկզբին տարածաշրջանում նրա մերձավոր դաշնակիցը Հայաստանն էր`  տարածաշրջանում ամենաաղքատ երկիրը: Չնայած  Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները հավասարակշռելու Երեւանի ջանքերին` Ռուսաստանը մնում է Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերն ու տնտեսական եւ ռազմական օգնության աղբյուրը:

Սրան հակառակ` Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում  մակընթացություններ եւ տեղատավություններ են ապրում:  Այդ հարաբերությունները, որոնք առանձնահատուկ լարված են եղել 1990-ականներին` ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանին աջակցելու համար, վերջին շրջանում  փափկել են:

Ռուսաստանի ամենաանհանգիստ եւ խնդրահարույց հարաբերությունները Վրաստանի հետ են, որոնք ծայրահեղ կետի հասան 2008թ-ին,  երբ պատերազմը բռնկվեց:  Ռուսաստանի հիմնական նպատակը Վրաստանի վրա ազդեցության պահպանությունն է: Վերջին շրջանում, երբ Վրաստանի վարչապետ դարձավ հարուստ գործարար Բիձինա Իվանիշվիլին, ով ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ, նոր հարաբերություններ են ի հայտ եկել: Ընտրվելուց անմիջապես հետո Իվանիշվիլին ձիթենու ճյուղ մեկնեց Ռուսաստանին:

Ինչպե՞ս է Մոսկվան նախատեսում հասնել իր նպատակներին:

Հարավային Կովկասում Ռուսաստանը մտրակի եւ բլիթի քաղաքականություն է իրականացնում. մտրակը պահում է Վրաստանի, բլիթը` Հայաստանի համար: Իսկապես, անկախ 2008թ-ին Վրաստանի դեմ իր գործողությունների օրինականությունից կամ անօրինականությունից,  Ռուսաստանը ակնհայտորեն որոշել է Վրաստանին դաս տալ:  Ինչպես  2011թ-ին խոստովանել էր Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Մեդվեդեւը,   2008թ. իր գործողություններով Ռուսատանն առաջին հերթին  ձգտում էր զսպել ՆԱՏՕ-ի ընդլայնման հավակնությունները: Սակայն 2008 թ. արշավը ցույց տվեց նաեւ ռուսական բանակի թուլությունն ու անարդյունավետությունը, եւ նոր պատերազմը տեսանելի ապագայում քիչ հավանական է: Եթե Իվանիշվիլիին հաջողվի մերձենալ Ռուսաստանի հետ, ապա երկու երկրների միջեւ հարաբերություններն ապագայում ավելի պակաս զգուշավոր ու թշնամական կլինեն:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ռուսաստանը ձգտում է օգտագործել իր կշիռը անվտանգության  եւ տնտեսության ոլորոտներում` երաշխավորելու համար Երեւանի` իր պահանջներին ենթարկվելը: Ռուսաստանը Հայաստանին ոչ միայն սուբսիդա է տրամադրում, այլեւ ապահում է  էժան նավթով եւ գազով, իսկ ռուսաստանյան ընկերությունները խոշոր ներդրումներ են անում Հայաստանի էներգետիկ ոլորտում: Անվտանգության բնագավառում Ռուսաստանը պահպանում է իր ներկայությունը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի շնորհիվ,  ինչպես նաեւ պահպանելով նրա սահմանները Թուրքիայի եւ Իրանի հետ: Հայաստանը ներկայումս մասնակցում է  Ռուսաստանի կողմից իրականացվող մի շարք տարածաշրջանային նախագծերի: