Հայաստանում բարդ իրավիճակ է ստեղծվել, քանի որ որոշ մարդկանց կարծիքով «ընտրությունները կարող էին այլ ելք ունենալ», ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը ARMENIA Today-ի թղթակցի հետ զրույցում՝ մեկնաբանելով երկրում հետընտրական զարգացումները:
«Սակայն մենք կարծում ենք, որ կա մեկ ճանապարհ` ամեն ինչ պետք է խաղաղ եւ հանգիստ ճանապարհով ընթանա, առանց ուժի կիրառման: Եվ եթե հարցեր կան, իսկ այդպիսիք կան, ապա մարդիկ կամ կազմակերպությունները պետք է հենց այդ ճանապարհով գնան», - նշել է դեսպանը:
Ըստ նրա` նման ճանապարհներից մեկը կարող է դառնալ ԿԸՀ դիմելը, որը նրանք արդեն արել են: Մյուս ճանապարհն է դիմել դատարան եւ բողոքարկել: «Սակայն կարծում եմ, որ վերջիվերջո, եթե մարդը կարծում է, թե ինչ-որ բան ճիշտ չէ, պետք է ապացուցի: Եթե չես կարող ապացուցել, ապա պետք է համակերպվել», - նշել է Մորելը: Ըստ նրա` ժողովուրդն առաջին անգամ զգացել է, որ որոշակի ազդեցություն, իշխանություն ունի եւ կարող է որեւէ բան փոխել: «Որոշ մարդիկ կարող են հիասթափվել, քանի որ չեն հասել իրենց նպատակին: Սակայն ես կարծում եմ, որ պետք է վերադառնալ աշխատանքի, լինել ուժեղ ընդդիմություն, վերակազմավորել իրենց կուսակցությունները եւ կրկին փորձել», - նկատել է դեսպանը:
Դեսպան Ռայներ Մորելը լիովին համամիտ է փետրվարի 18-ին Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության եզրակացություններին եւ անհանգստություններին: «Դեռ սպասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի հրապարակումը: Այնտեղ ավելի մանրամասն կներկայացվեն բոլոր հանգամանքները», - ասել է նա եւ հավելել, որ երաշխավորություններ կլինեն նաեւ միջազգային դիտորդական առաքելության կողմից, ինչպես որ եղել էր անցյալ տարվա մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական հաշվետվության մեջ նշվել էր, որ դեռեւս կան լուծում պահանջող հարցեր: Նախնական հաշվետվության մեջ հաստատվել էր, որ ընտրությունները լավ կազմակերպված են եղել: «Այո, կարելի է ասել, որ այս անգամ ավելի լավ էր, քան նախորդ անգամ», - ընդգծել է Մորելը` նշելով հատկապես լրատվամիջոցների լուսաբանումը եւ իրավունքի եւ ազատության նկատմամբ հարգանքն ընդհանրապես: «Մենք համաձայն ենք այդ բոլոր եզրակացությունների, ինչպես նաեւ մի շարք հարցերի հետ կապված մտահոգությունների հետ: Մենք կսպասենք վերջնական հաշվետվությանը եւ կտեսնենք, թե ինչ կասի եւ կառաջարկի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այդ առթիվ», - հավելել է դեսպան Մորելը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am



























