Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյաննը, փետրվարի 26-ին, այցելել է Ավստրիայի խորհրդարան, ուր հանդիպել է Խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի եւ խորհրդարանի անդամների հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-ավստրիական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի եւ Ավստրիայի պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա ընթացքում Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի այցելությունը Երեւան կազմակերպելու մասին։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին: Այդ ենթատեքստում հանդիպմանը ներկա, հայաստանյան ընտրություններին որպես դիտորդ մասնակցած ավստրիացի պատգամավորները նշել են, որ ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան:
Ավստրիացի պատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան - Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության եւ երկրում բարեփոխումների մասին հարցազրույց է տվել «Ավստրիական լրատվական գործակալությանը»։
Փետրվարի 27-ին նախատեսված է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, ինչպես նաեւ ելույթը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինք 5-րդ համաշխարհային ֆորումին։



























