Հայաստանի ոստիկանությունը մեկնաբանել է Սարիբեկ Սուքիասյանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը, բերման ենթարկելու փաստը:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը եւ հայտնել, որ 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող «Բյուրեղ» ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին:
2009թ. նոյեմբեր ամսին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը:
Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաներում գնացել է «Սիլ գրուպ»-ի գրասենյակ, որտեղ Սուքիասյանն ու ոմն Արտաշ սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր:
Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին Սարիբեկ Սուքիասյանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:
Քննությունը վարում է Էրեբունու քննչական բաժինը:
Նշենք, որ Սարիբեկ Սուքիասյանը «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահն է:




























