Այսօր` փետրվարի 27-ին, կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով եւ հովանավորությամբ` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Ստեփանյանի` անգլերենով հրատարակված «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» պատմաժողովրդագրական ուսումնասիրության (հայերեն տարբերակը լույս է տեսել 2010թ., դարձյալ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով) եւ հայերենով լույս տեսած «Բաքու քաղաքի հայության պատմությունե աշխատության շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Շ. Քոչարյանը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մ. Հարությունյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Վ. Բարխուդարյանը եւ այլ պաշտոնատար անձինք, գիտնականներ:
ՀՀ սփյուռքի նախարարը խորհրդանշական է համարել այն փաստը, որ շնորհանդեսը համընկել է Սումգայիթի ջարդերի եւ Արցախյան ազատամարտի հաղթանակների ժամանակահատվածի հետ:
Շնորհավորելով հեղինակին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է. «Այս գրքերը մեծ ներդրում են Հայոց քաղաքակրթության արժեհամակարգի համակողմանի ուսումնասիրության գործում: Գ. Ստեփանյանին հաջողվել է արխիվային վավերագրերի, տեղագրական աշխատությունների, վիճակագրական նյութերի եւ ժամանակի պարբերական մամուլի հրապարակումների հենքի վրա ներկայացնել Բաքվի հայ բնակչության պատմաժողովրդագրական ամբողջական պատկերը»:
Գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսինե աշխատանքը անգլերեն լեզվով հրատարակելով, մենք հակազդում ենք ադրբեջանական այն քարոզչամեքենային, որն անընդհատ աշխատում եւ հակահայկական տեղեկատվություն է տարածում ողջ աշխարհում:
«Բաքու քաղաքի հայության պատմություն» աշխատության մեջ սկզբնաղբյուրների քննությամբ ցույց է տրված, որ Բաքու քաղաքը Արեւելյան Այսրկովկասում XX դարի երկրորդ տասնամյակի վերջում «Ադրբեջանե անվամբ արհեստածին պետության մայրաքաղաք է դարձել եկվոր թյուրք-օղուզների հետնորդների` 1930-ական թթ. վերջերից «ադրբեջանցի» հորջորջված կովկասյան թաթարների կողմից տեղաբնիկ ժողովուրդների (հայեր, թաթեր, լեզգիներ եւ այլն) ցեղասպան քաղաքականության, ուծացման, քաղաքակրթական արժեքների կողոպտման ու ոչնչացման միջոցով:
Հ. Հակոբյանը նշել է, որ նախատեսվում է «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսինե գրքի ռուսերեն թարգմանությունը եւ ճիշտ կլիներ, եթե այսօր գրի առնվեին նաեւ Սումգայիթի ջարդերում հայ վերապրած-ականատեսների պատմությունները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Ադրբեջանի բացահայտ տարածքային հավակնությունները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ դիտարկել է որպես այդ երկրի ժառանգվող ավտորիտար ռեժիմի հոգեվարքի հերթական վկայություն: Երբ բացահայտ սուտը ներկայացվում է որպես ճշմարտություն, դա սպառնում է ողջ տարածաշրջանի եւ առաջին հերթին ադրբեջանական ժողովրդի անվտանգությանը: Այդ իմաստով իհարկե Հայաստանը պետք է հաղթանակի ոչ միայն ռազմի, այլ նաեւ` քարոզչական դաշտում:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն պրոֆ. Աշոտ Մելքոնյանը նշել է, որ հաղթանակն Արցախյան ազատամարտում հայերին բավարար թվաց, եւ ճշմարտությունն ապացուցման կարիք չկա: Սակայն քարոզչության դաշտում եղած բացթողումն այսօր շտկված է եւ վերականգնված է հավասարակշռությունը:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Բարխուդարյանը գոհունակությամբ նշել է մեր ազգի համար այսքան կարեւոր գրքերի շնորհանդեսը լեփ-լեցուն դահլիճում է: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը եւ հատկապես նախարարին հայ գրքի եւ գրականության հանդեպ նման հոգածու վերաբերմունքի համար` Բարխուդարյանը նշել է, որ գրքերի գլխավոր առավելությունը փաստական վկայություններն են, որոնք ամրագրված մեր պատմության անբաժանելի մասն են: Ակադեմիկոսն առաջարկեց նույն կերպ զբաղվել եւ վավերացնել նաեւ Վրաստանի 19-րդ դարի պատմությունը:
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի կարծիքով գիրքը նախեւառաջ պատմական մեծ աշխատություն է, այնուհետեւ` ադրբեջանական հակաքարոզչությանն ուղղված հիմնարար աշխատանք:
Ելույթներով հանդես են եկել նաեւ պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժնի վարիչ Էդուարդ Դանիելյանը, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիաե հասարակական կազմակերպության նախագահ, ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը, ՀՀ ԳԱԱ առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Էմմա Կոստանյանը:
Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել գրքերի հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Գեւորգ Ստեփանյանը: Հեղինակը նշել է, որ ինքը եւս Բաքվի ջարդերը վերապրած ընտանիքի զավակ է եւ աշխատանքին նվիրվել է եռանդով, իր մեծերին արժանին մատուցելու ձգտումով: Ստեփանյանն ուրախությամբ ընդգծել է, որ գրքի շապիկին պատկերված է Բաքու քաղաքի հայկական առաջին` Սուրբ Աստվածածին եկեղեցին: Մենագրությունը կարող է օգտակար լինել ինչպես պատմաժողովրդագրության, հայագիտության եւ կովկասագիտության հարցերով զբաղվողների, պատմաբանների, այնպես էլ` լայն հասարակայնության համար:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը իր հեղինակած գրքի տպագրության ֆինանսավորումը եւ անգլերեն թարգմանելու խնդիրը լուծելու համար` հեղինակը մասնավորապես նշել է. «Գիտնականներիս համար անչափ կարեւոր է տեսնել պետական գերատեսչության կողմից նման գործի կարեւորության գիտակցումը: Այն մեզ ուժ է տալիս եւ մղում առավել քրտնաջան աշխատանքի»:




























