Մասաչուսեթսի համալսարանի հետազոտողները, Քեթրին Լորդի գլխավորությամբ, գտել են շան հաչոցի բացատրությունը: Պարզվում է, որ եթե շունը սկսում է հաչել, ապա նա ոչ միայն վտանգի մասին է ահազանգում, այլ այդ պահին նրա ներսում ներքին հակասություններ են առաջանում:
Հաչոցն առաջացել է դեռեւս այն ժամանակներից, երբ մարդը սկսել է ձեռնասուն դարձնել գայլերին: «Մոտավորապես 8-10 հազար տարի առաջ մարդիկ սկսեցին կերակրել գայլերին: Կենդանիները, որոնք չէին կարողանում հաղթահարել վախը, մնում էին առանց սննդի եւ հաճախ սատկում էին: Առավել համարձակները, հաղթահարելով բնազդը, որ արգելում էր մոտենալ մարդուն, բարեհաջող գոյատեւում էին: Այդպես աստիճանաբար տեղի էր ունենում բնական ընտրությունը», ասում է Քեթրին Լորդը:
Ինչպես գրում է infox.ru-ն, ուսումնասիրելով վայրի գայլերի հաչոցների առանձնահատկությունը, գիտնականները պարզել են, որ շների հաչոցի ձայնային կառուցվածքը շատ նման է նրանց վայրի «հարազատների» հաչոցին: Իհարկե, գայլերը հաչում են շատ հազվադեպ: «Սովորաբար գայլուհին կամ գայլը սկսում է հաչել, երբ նրանց ձագերով որջին մոտենում է որեւէ անծանոթ: Այդ պայմաններում գայլ ծնողները հայտնվում են բարդ իրավիճակում: Մի կողմից նրանք վախենում են մենակ թողնել ձագերին, մյուս կողմից նրանց անհանգստացնում է վտանգը», ասում է Քեթրին Լորդը:
Գիտնականների կարծիքով, շան մոտ էլ անծանոթի տեսնելիս կամ վտանգի հանդիպելիս, առաջանում է համանման իրավիճակ: Մի բնազդը պահանջում է որոշակի աշխույժ գործողություններ, օրինակ արագ փախուստ կամ հարձակում, իսկ երկրորդ բնազդը ասում է, որ փախչել կամ կռվի բռնվել, թողնելով տիրոջը, վտանգավոր է: Այդ անլուծելի խնդիրն էլ (հոգեվերլուծության մեջ հայտնի որպես կոգնիտիվային դիսոնանս) արտահայտվում է հաչոցի տեսքով:



















