Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը մարտի 1-ին վերջնական նիստ է գումարել եւ վերջնական որոշում կայացրել ընտանիքի կողմից, մեղմ ասած, անտարբերության մատնված 2-ամյա Ալենի վերաբերյալ:
Երեւանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մայրը իրեն հատկացված երեք օրվա ընթացքում կատարել է բոլոր պայմանները, մաքրել է տունը, այն ազատել պատահական մարդկանցից, համաձայնել է անալիզներ հանձնել, անվճար բուժվել եւ դրանից հետո անցնել աշխատանքի: «Այն, ինչ որ իրենից պահանջվում էր, արել է, չի օգտագործում ալկոհոլ, պատահական մարդիկ այդ տուն չեն ներխուժում, ոստիկանությունն էլ է հսկում այդ ամենը, տունը արդեն կարգի է հրավիրել, պատրաստ է զբաղվել երեխայի խնամքով, շատ պատասխանատվությամբ է վերաբերում ծնողական իրավունքներին եւ պարտականություններին եւ պատրաստ է մեզ հետ համագործակցել»,- նշեց Իդա Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանի քաղաքային վարչության պետը նրան աշխատանքի է տեղավորել «Կոկա-կոլայում», բայց աշխատանքի կանցնի բուժումը անցբելուց հետո: Մոր ցանկությամբ, քանի որ նա ցերեկային ժամերին զբաղվում է իր առողջական հարցերով եւ որպեսզի երեխան չմնա տատիկի խնամքին, Ալենը կտեղափոխվի Հայ օգնության ֆոնդի կենտրոնում, ցերեկները կանցկացնի այնտեղ, մասնագետները հատուկ աշխատանքներ կտանեն, կնախապատրաստեն նրան մանկապարտեզ այցելելուն, իսկ երեկոյան մայրը նրան կվերցնի կենտրոնից: Ալենը կայցելի ՀՕՖ-ի կենտրոն այնքան ժամանակ, մինչ մայրը բուժվի: «Երեխան, այո, փրկված է, մայրիկն էլ` նույնպես, բայց չեմ ուզում շտապել եւ ասել, դեռ ժամանակ է պետք դրա համար»,- նշեց Իդա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2 տարեկան Ալենը ապրում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` Դրոյի 62 հասցեում` մոր եւ էպիլեպսիայով տառապող տատիկի հետ, ով հոգեմետ դեղեր է ընդունում: Ալենի մայրը 28 տարեկան է, փաստացի ամուսնացած է եղել, երեխայի հայրը այս պահին չկար, բայց հանձնաժողովի նիստին ներկա պոլիկլինկայի ներկայացուցիչը ասել է, որ երեխային պատվաստումների բերելիս նրա հետ այցելում էր մի տղամարդ, ենթադրվում է, որ նա կենսաբանական հայրն է: Քաղաքապետարանի աշխատակիցը նշեց, որ երեխան ստոմատիկ եւ այլ հիվանդություններ, վարակներ չունի, ընդամենը ունի գերգրգռվածություն: Նա նշեց, որ երեխայի վիճակը նորմալ է, սննդով ապահովված է, մայրն էլ սթափ վիճակում է:
Նշենք, որ «168 ժամ» թերթն անդրադարձել էր Ալենի պատմությանը: Թերթի թղթակցի` ընտանիքին այցելության ժամանակ, երեխան՝ Ալենը, ուղիղ մեկ ժամ ցրտից անշարժացած գամվել էր բազմոցին եւ ընդհանրապես որեւէ շարժում կատարելու ունակ չէր: Չնայած երեկոյան ժամ էր, երեխան ոչինչ չէր կերել, իսկ մայրը երկար ժամանակ տունը չէր եւ չէր հաջողվել նրան տեսնել: Տանը` խոհանոցի սեղանի տակ, հայտնաբերել էին ալկոհոլի դատարկ շշերը:Դրոյի 62 հասցեի բնակիչները թերթի հետ զրույցում պատմել էին, որ Ալենի մայրը՝ Նարինեն, եւ տատիկը՝ Անահիտը, երեխայի խնամքով չեն զբաղվում, նրան մատնել են անտարբերության, եւ միակ խորհուրդը, որ մեզ տալիս էին՝ «Երեխուն փրկեք, մեղք ա…»: Նրանք նաեւ նշել են, որ այդ տունը հարբեցողների, անբարոյականների որջ է, եւ պետք է երեխային շտապ հեռացնել նրանցից:




























