Կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ Թուրքմենստանի կանայք դրամական նվերներ կստանան։ Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կարգադրությամբ երկրի յուրաքանչյուր բնակչուհու նվազագույնը 40 մանաթ կտրվի, որը համարժեք է 14 դոլարի։
«Ինտերֆաքսը» գրում է, որ կանանց գարնան առթիվ նվերներ շնորհելու ավանդույթը Թուրքմենստանի առաջին նախագահ Սապարմուրադ Նիյազովի օրոք էր ձեւավորվել, թեեւ վերջինս երկրում վերացրել էր Կանանց միջազգային օրը։ Թուրքմենբաշիի օրոք գարնան եռօրյա տոն էին նշում, որը միավորում էր Կանանց օրը եւ մուսուլմանական հնագույն տոնը՝ Նովրուզը։
2007թ. Բերդիմուհամեդովը երկրում վերականգնեց մարտի 8-ը, իսկ 2008-ից սկսել էր դրամական նվերներ տալ գեղեցիկ սեռին։ Ընդ որում, եթե նախկինում այդ գնի սահմաններում նվերներ էին բաշխում, ապա այժմ սկսել են կանխիկ գումարներ բաժանել։
Նախագահի մեկ այլ հրամանագրով ութ եւ ավելի երեխաներ ունեցող 174 բազմազավակ մայրերի տոնի նախաշեմին Թուրքմենստանի «Էնե մյահրի» (մայրական քնքշանք) պատվավոր կոչում է շնորհվել։




























