Մոլդովայում սայլերի տերերին կպարտադրեն գրանցել իրենց սայլերը, ինչպես նաեւ դրանց վրա համարներ ու լուսարձակող սարքեր տեղադրել։ Համապատասխան օրենսդրությունը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ։
Օրենսդրության նախաձեռնողները պարզաբանել են, որ այս փոփոխությունները ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն։ Տեղի իշխանություններն այդպիսով հնարավորություն կունենան նաեւ հարկեր ստանալ գրանցման եւ համարանիշներ տրամադրելու համար։
«Կոմերսանտ.md»,-ի տվյալներով, կոմունիստական խմբակցության պատգամավոր Միրոն Գագաուզը, քննադատելով օրենսդրությունն ասել է, թե իշխանություններն «այնքան են շտապում Եվրամիություն մտնել, որ սկսել են սայլակներն էլ գրանցել»։ «Իմացեք, Եվրոպայում սայլերն էկոլոգիական տրանսպորտ են համարվում»,- դրան պատասխանել է խոսնակ Մարիան Լուպուն։
Օրենսդրությունն ուժի մեջ մտնելու համար խորհրդարանն այն պետք է ընդունի երկրորդ ընթեցմամբ։




























