ՀՀ կառավարությունն իր այսօրվա որոշմամբ, ստեղծել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի հավակնորդների ընտրության հանձնաժողով, հաստատել դրա գործունեության կարգը եւ հատկացրել գումար:
Ըստ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, գործադիրը սահմանել է, որ որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվո նշան` այն հաստատող հավաստագրով, եւ դրամական պարգեւ` 500 հազար ԱՄՆ դոլարի չափով: Մրցանակը, որը շնորհվում է աստղաֆիզիկայի, ինչպես նաև Վիկտոր Համբարձումյանի գիտական գործունեության հետ կապված` դրան հարակից, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քաղաքացիությունից, առաջին անգամ հանձնվելու է 2010թ. սեպտեմբերի 18-ին` գիտնականի ծննդյան օրը:
ՀՀ վարչապետը նշել է, որ Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի վարկանիշը միջազգային ասպարեզում բավական բարձր կարող է լինել և բարի երթ է մաղթել այդ նախաձեռնությանը:




























