Աֆղանստանի նախագահի զարմիկ, աֆղանական երիտասարդության համերաշխության կուսակցության նախագահ Ջամիլ Քարզայի թիկնապահները մարտի 3-ին, Քաբուլի Քարտե-Սեի շրջանում կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, որի հետեւանքով զոհվել է մեկ կին, երկու տղամարդ վիրավորվել է:
Ոստիկանության փոխանցմամբ` Համիդ Քարզայի հարազատի տունը հսկող ոստիկանները շենքին մոտեցող Toyota Town Ace միկրոավտոբուսի ուղեւորներին գրոհայինների տեղ են դրել, հաղորդում է Khaama Press պարբերականը:
Ոստիկանները միկրոավտոբուսի վարորդին նշան են արել, որ կանգնի ստուգման համար, բայց նա անտեսել է պահանջը: Արդյունքում շենքի պահապաններն անվտանգության նկատառումներից ելնելով կրակ են բացել միկրոավտոբուսի վրա, հաղորդում է NEWSru.com-ը:
Ավելի վաղ, ըստ ոստիկանների, տեղեկատվություն է ստացվել, որ նմանատիպ ավտոբուսով ահաբեկիչներ են մտել քաղաք:




























