ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի ինտերնացիոնալիստ զինծառայողների հարցերով հանձնաժողովի ռուս ակտիվիստներն Աֆղանստանում գտել են 1980 թվականից անհետ կորած համարվող խորհրդային զինվոր Բահրետդին Հակիմովին: Այս մասին հայտարարել է կազմակերպության փոխնախագահ Ալեքսանդր Լավրենտեւը:
Նրա անունն այժմ Շեյխ Աբդուլա է, եւ ծառայել է Գերատ քաղաքի մոտ, 101-րդ մոտոհրաձգային վաշտում: 1980 թվականի սեպտեմբերին, մարտի ժամանակ նա ծանր վիրավորվել է եւ նրան խնամքի տակ է առել տեղի բնակիչներից մեկը` խոտերի օգնությամբ բուժելով նրան: Դրանով էլ հենց ներկայումս զբաղվում է Շեյխ Աբդուլան:
Լավրենտեւի խոսքով` կնոջ մահից հետո Հակիմովը վերջին մի քանի տարիների ընթացքում մեկուսի կյանք է վարել: Նրա մոտ բացակայում է ինքնությունը հաստատող մի քանի փաստաթուղթ, ինչպես նաեւ նկատել են նյարդային ցնցումներ եւ ձեռքի ու ուսի վնասվածք: Նախկին զինվորը վատ է խոսում ռուսերեն, սակայն հասկանում է եւ կարող է ճշտորեն ասել, թե որտեղ է ապրել նախքան բանակ զորակոչվելը եւ հարազատների անունները, հաղորդում է ԻՆՖՈՔՍ.ռու-ն:




























