Անցած ամռանը Արմավիրի մարզի երեք տասնյակ  գյուղացիական տնտեսություններ  անելանելի իրավիճակում էին հայտնվել. նրանք ռուսաստանյան սերմացուի հայտ էին ներկայացրել, սակայն այդպես էլ չէին կատարել պարտավորությունները երաշտի պատճառով: Նրանց հետ նաեւ` Ապարանի եւ Թալինի ֆերմերները, ովքեր սերմացուն ցանել էին անջրդի հողատարածքներում: Հիշեցնենք, պետական ծրագրով սերմացուն անվճար չի տրվում. ցանած կիլոգրամի դիմաց պետք է վերադարձնել  երկու կիլոգրամ: 42  մլն դրամի դիմաց ֆերմերները վերադարձրել են  ընդամենը 3 միլիոնը: Մարզպետարաններին  շնորհակալության խոսք պետք է ասել` պարտքը վերցրել են իրենց վրա եւ հիմա Երեւանից լսում են` չեք փակի մնացորդը, կնվազի բյուջեն: Իսկ եթե Արմավիրը սերմացուի նոր հայտ ներկայացնի, ապա առանց կանխավճարի չի ստանա:

Տեղերում ֆերմերները  ձեռքերն են տարածում. հեկտաի վրա պետք է ցանել 300 կգ սերմացու, իսկ վերադարձնել 600 կգ: Հայաստանում ցորենի միջին բերքատվությունը  տատանվում է 20-30 ցենտների միջեւ` հեկտարի համար:  Դրա մեկ քառորդը անհրաժեշտ կլինի տալ պետությանը: Ճիշտ է,  պետությունն այն  հավաքում է  սերմացուի շրջանառու ֆոնդում` նոր սերմացուի համար: Ստացվում է, որ սովորական ֆերմերներին հանձնարարել են  դառնալ սելեկցիոներներ:  Գյուղնախարարությունում, ճիշտ է,  փորձարկումների նպատակով չեն գնացել այդ քայլին, այլ այն պատճառով, որ  Գյումրի սերմնաբուծարանում տարածքներ այլեւս չէին մնացել: Սակայն չի նշանակում, որ  Շիրակի սարահարթում աճող ցորենը լավ կաճի նաեւ Արարատյան դաշտավայրում: Միգուցե գործը հանձնարարվի մասնագետ սերմնաբույծներին: Օրինակ, ամեն մարզում  վերցնի 1 – 2 հեկտար  փորձարկման  տարածք: Սակայն նման ծախսերի պետությունը պատրաստ չէ գնալ:

Ֆերմերի համար բարի գործ է արվել,  սակայն չեն մոռացել իրենց թիկունքն ապահովել. պետության հետ ֆերմերների պայմանագրերում սերմացուի վերադարձման համար ֆորս-մաժորային իրավիճակներ նախատեսված չեն, որը ցանկացած ողջամիտ պայմանագրի բաղկացուցիչ պետք է լինի: Սակայն ֆերմերներին ապահովագրել հրաժարվում են անգամ Եվրոպայում: Իսկ Հայաստնում ընդհանրապես նման ցանկություն ունեցողներ չկան:

Եւ այդուհանդերձ,  գյուղատնտեսությանը փոխհատուցում հարկավոր է: Եւ եթե մենք այսօր աջակցություն չցուցաբերենք, վաղը կվճարենք նոր դատարկվող հեկտարներով:

Պատրաստեց Արամ Գարեգինյանը